Рубрика: Մուտք կրթահամալիր, Ընդհանուր

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

ժամանակահատվածը՝ 24․08․2020

Տասը օր անց մենք վերսկսեցինք կրթահամալիրի հետ ծանոթացման հաճելի և բազմաբովանդակ գործընթացը։ Այսօր «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մեկնարկային օրն էր։

Առավոտյան՝ 9։00, Մայր դպրոցում հանդիպում ունեցանք Վարդան Կարապետյանի հետ, որ մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչ է բովանդակում «Մուտքի ճամբարը»։ Ապա այդ հաճելի քննարկումից հետո մեզ միացավ վարպետ Գրիգորը, որ, չնայած իր տարիքին, այնքան եռանդուն ու կենսախինդ էր, որ ուղղակի անհնար էր չհետաքրքրվել նրա ներկայացրած արվեստով։ Շուտով մեզ միացավ նաև կրթահամալիրի հիմնադիր տիար Աշոտ Բլեյանը։ Վարպետ Գրիգորը, տիարին լսելով, ավելի մոտիվացվեց և իր ջութակով մեզ նվիրեց իր հիասքանչ կատարումները, ապա մենք ևս ոգեշնչվելով սկսեցինք կատարել մեր մեծարժեք երգերից մի քանիսը։ Վարպետ Գրիգորը մեզ սովորեցնում էր ջրաներկով նկարել, չնայած չէր սովորեցնում, այլ ցանկանում էր հասնել նրան, որ մենք, ինչպես ինքն էր ասում, առանց կանոնների նկարենք, նկարենք այն, ինչ զգում, այն, ինչ տեսնում ենք․ չէ որ արվեստը լեզու չունի, սահմաններ չունի։ Այս հրաշալի մթնոլորտից հետո մենք հրաժեշտ տվեցինք վարպետ Գրիգորին և 10։30 ունեցանք հանդիպում կրթահամալիրի մեկ այլ դրական կերպարի՝ Մարիետ Սիմոնյանի հետ․ տիկին Մարիետի հետ հանդիպումը ևս լի էր դրականով։ Մեր «մուտքի ճամբարի» լեզվագործունեությունը դեռ շատ է օգնելու մեզ, քանի որ լեզվագործունեության ընթացքում այն ամենը, ինչը մենք ուսումնասիրելու, շեշտադրելու ենք, մշտապես կարևոր է ցանկացած ոլորտում։ Ուղղակի անհնար է առանձնահատուկ կերպով չողջունել լեզվագործունեության ուսուցման նախաձեռնողներին, քանի որ առանց գրագետ խոսքի և դրա ճիշտ մատուցման նույնիսկ ամեն լավ բան կորցնում է իր «շուքը»։

Այնուհետև սուրճի ընդմիջումից հետո մենք ազգագրական երգ ու պարով ամփոփցինք մեր օրը, և նույնիսկ ավարտը այնքան յուրօրինակ էր, որ չհասցրեցինք նկատել, թե ոնց անցավ մեր ժամանակը։ Եվ, ի վերջո, չէ՞ որ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է քո ազգայինով, դառնում է քո տունը։

Оставьте комментарий